Արդեն մեկ ամսիվ ավելի է, ինչ Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության աշխատողների համար դասավանդում եմ մաթեմատիկա: Առաջին իսկ օրվանից աշխատողների մոտ ինձ զարմացնում էր այն, որ թեև կարմիր դիպլոմով ավարտել են ԲՈՒՀ-ը, սակայն մաթեմատիկա գիտեն միայն դպրոցական կուրսից: Ի վերջո մաթեմատիկական անալիզ առարկան ուսուցանել են նրանցից բոլորը:
Մեկ-երկու շաբաթ դասից հետո "ուսանողների" մոտ կեսը մաղվեց և մնացին 4 տղա և 7 աղջիկ (կին):Ու այդ ժամանակվանից էլ սկսեցին դասերն անցնել հետաքրքիր: Այլևս չկար այն երիտասարդը, որ բողոքեր, իմանալով որ ռացիոնալ թվերն անվերջ են ու խիտ, չկար այն տղան, որ ինձ հարցներ թե քանի օրում է հնարավոր սովորել ամբողջ մաթեմատիկան ու չկար այն աղջիկը, որը դասի ժամանակ գլուխը հենում էր սեղանին ու քնում: Մնացին նրանք, ովքեր ուզում էին սովորել մաթեմատիկա: Ու թեև կասկածում եմ, որ նրանք հետագայում կկիրառեն ստացած գիտելիքները, այնուամենայնիվ փորձում եմ առավելագույնս օգտակար լինել նրանց համար: Իսկ նրանք սովորում են: Ես էլ իրենցից շատ բան սովորեցի վերջին մեկ ամսվա ընթացքում: Միակ վատ բանը կայանում է նրանում, որ լինելով ինձանից մեծ, հետս ԴՈՒՔ-ով են խոսում:
Իսկ վարչության տնօրեն Մարտին Գալստյանն առհասարակ ցանկանում է սովորել ամեն ինչ: Օր ու դադար չի տալիս, նույնիսկ չի թողնում, որ ընդմիջումը 5 րոպեից ավել տևի: Նույնիսկ ցանկանում էր, որ դասերն անց-կացվեն շաբաթը չորս անգամ (երեքի փոխարեն):
Ցավոք ԵՊՀ էլ այդպես չէ, որ դասի գան միայն նրանք, ում պետք է գիտելիքը:
